Օտտավայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթը քիչ է մնացել բռնի հակամարտության վերածվի, երբ երթի մասնակիցները հանդիպել են 500 թուրքերի, գրում է «Ottawa Sun»-ը:
Օտտավայի ոստիկանությունը եւ Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության ծառայողները բարձր պատրաստականության են բերվել, երբ հարյուրավոր թուրքեր ներխուժել են Խորհրդարանական բլուր, որտեղ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներ էին ընթանում:
Բարիկադներով եւ տասնյակ ոստիկաններով բաժանված երկու կողմերն էլ սկսել են վիրավորել միմյանց: Միջոցառմանը ներկա էին եղել դաշնային պատգամավորներ, այդ թվում՝ Ռուայալ Գալիպոն եւ վերջերս հրաժարական տված լիբերալ պատգամավոր Ջիմ Կարիգիաննիսը, որն էլ դիմել էր ամբոխին: «Այստեղ թուրքերի ներկայությունը ցույց է տալիս, որ նրանք ամաչում են, այլապես այստեղ չէին լինի, - ասել է նա եւ հավելել, - ո՞ր տխմարն է նրանց թույլ տվել այստեղ հավաքվել: Ես հուզված եմ Խորհրդարանական բլրում այդպիսի անտագոնիստների ներկայությունից»:
Երբ Կարիգիաննիսն ավարտել է խոսքը, թուրքերն արդեն հեռացել էին: Հայ արքեպիսկոպոսը եւ մասնակիցները ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ, իսկ այնուհետեւ երթով գնացել «Մաքդոնալդ» այգի եւ Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ նրանց դիմավորել է երկու հազար թուրք: Ոստիկանության ջոկատներով բաժանված երկու կողմերը փոխադարձ վիրավորանքներ են հասցրել, մինչեւ որ ոստիկանությունը փակել է այգին:




























