Եվրոպական խորհրդարանի` Կիպրոսը ներկայացնող անդամ Էլենի Տեոխարուսը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխարհի երկրների եւ մասնավորապես` Թուրքիայի ցուցադրած ջանքերի նկատմամբ զգոնություն ցուցաբերելու կոչ է արել, հավելելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին օրերին արտահայտած ցավակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ֆարս: Այս մասին գրել է «Cyprus Mail»-ը:
Տեոխարուսը անցյալում վիրաբույժ է աշխատել «Աշխարհի երկրները» կազմակերպությունում եւ մի քանի անգամ հայ-ադրբեջանական հակամարտության գոտի է այցելել: Եվրախորհրդարանի` Հայաստանի հետ բերակամության խմբի ղեկավարը նաեւ Նիկոսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնազեկուցողն է եղել: Այնտեղ ներկաների շարքում են եղել նաեւ տեղական քաղաքական կուսակցությունների մեծ մասի ղեկավարները:
Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգության 99-ամյակի կապակցությամբ գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի կառավարության մամուլի քարտուղար Նիկոս Քրիստոդուլիդեսը, ասելով, թե «այդ հանցագործությունը իր հետքն է թողել մարդկության պատմության մեջ», եւ որ Կիպրոսի Հանրապետությունն այդ ցեղասպանությանը ճանաչած առաջին երկրներից է: Նշվել է նաեւ, որ նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ երկրի կառավարությունն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին եւ շարունակում են ջանքեր գործադրել հանցագործության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը ծանր ժամանակների մասին էր խոսել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրում ապրող բոլոր ժողովուրդներն են կրել եւ ցավակցություն հայտնել մահացած հայերի համար, միաժամանակ փորձելով հավատարիմ մնալ ցեղասպանության հերքման քաղաքականությանը:




























