ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պնդում է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար պետք է շարունակել բանակցությունները:

Խոսնակը կարծում է, որ անհրաժեշտ է հասնել արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը:

«Չի կարելի նման սցենարներ դիտարկել, չի կարելի միմյանց  հասցեին մեղադրանքներ հնչեցնել. Արեւմուտքը Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Արեւմուտքին»,- հայտարարել է նա լրագրողներին:

«Պետք է բոլորս միասին նստենք եւ շարունակենք երկխոսությունը, բանակցությունները եւ հասնենք ձեռք բերվող պայմանավորվածությունների իրագործմանը: Այստեղ է հաջողության բանալին եւ գրավականը», - վստահ է ԴԽ-ի խոսնակը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Մատվիենկոյի՝ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ պահանջելու հիմքեր չունի: «Օբամայի կոչը պատժամիջոցների հերթական ալիքի վերաբերյալ մեզ համար անհասկանալի է: Հիմքեր չկան, Ռուսաստանի նկատմամբ որեւէ պատժամիջոց կիրառելու ոչ մի պատճառ չկա», - ասել է վերին պալատի խոսնակը:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ «այդ հայտարարությունները կյանքի չեն կոչվի»:

«Մենք հետագայում էլ միասին պետք է աշխատենք՝ Ուկրաինան այդ քաոսից, խոր ճգնաժամից դուրս բերելու համար», - ընդգծել է նա:

Նախօրեին Բարաք Օբաման, ելույթ ունենալով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում բանակցություններից հետո, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ներկայումս զբաղված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ մշակելով, սակայն դրանք կիրառելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: