Խորհրդարանական չորս ուժերը կարող են Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել կուտակային կենսաթոշակային օրենսդրության հարցով: Այդ մասին ապրիլի 25-ին լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը քառյակի (ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Հանդիպմանը, նշենք, այցելել եւ մասնակցել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մարգարյանի խոսքով, արտահերթ նիստի նախաձեռնությունը կախված է նրանից, թե կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կառավարությունն ինչ օրինագիծ է ներկայացնելու խորհրդարան: «Աբրահամյանի այցը մեզ համար անսպասելի էր: Մենք քննարկել ենք մեր մոտեցումները, եւ, կարծում եմ, կառավարության դիրքորոշումը հստակ կդառնա վաղը»,- հավելել է նա՝ ենթադրելով, որ «օրինագծում ինչ-ինչ փոփոխություններ կլինեն»։ Պատգամավորը հիշեցրել է, թե քառյակի դիրքորոշումն անփոփոխ է, կուտակային համակարգը սկզբունքորեն չպետք է պարտադիր լինի: «Վարչապետը մեզ ասաց, որ կանի ամեն ինչ, որ հանրությունը բավարար լինի: Իսկ թե ինչ է դա նշանակում, ես չէի ցանկանա խոսել կառավարության փոխարեն»,- հավելել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացնելու կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարումների գործողությունը ժամանակավորապես դադարեցնող օրինագիծ:



























