Hammerschmid Maschinenbau ավստրալական ընկերությունը շուկա է հանել Johammer J1 էլեկտրական մոտոցիկլը: Նորույթի երկու տարբերակները միատեսակ արտաքին, բայց մարտկոցների տարբեր տարողություն ունեն: Եվրոպական շուկայում դրանց արժեքը 23-25 հազար եվրո է սահմանվել:
J1-ի դիզայնը Yellow Works բյուրոյի կողմից է մշակվել եւ իսկապես ֆուտուրիստական տեսք ունի: Ի տարբերություն ավանդական բայքի, Johammer-ը ոտնադիրներ չունի: Դրա փոխարեն ետեւի անվադողն ամբողջությամբ ծածկող, իսկ առջեւի մեծը` լրիվ մերկացնող ակոսավոր ալյումինե ծածկոցին ընդամենը երկու փոքրիկ ելուստներ կան: Բացակայում է նաեւ երկրորդ ուղեւորի տեղը, բեռնախցի մասին էլ խոսք չկա: Գործիքների վահանակ մոտոցիկլավարը նույնպես չի ունենա` բոլոր տվիչները հետեւի հայելու վրա են:
Նորարարական մոտոցիկլետը 160-177 կգ է կշռում, ինչի համար միանգամայն բավարար է առջեւի անվադողի սռնակալի մեջ տեղադրված 14,75 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը: Արտադրողը չի մանրամասնում դիմամիկայի վերաբերյալ տվյալները, ընդամենը սահմանափակվելով առ այն, որ 50-ից 100 կմ/ժ արագություն հավաքելու համար J1-ին 4 վայրկյան հարկավոր կլինի:
Ինչ մարտկոցին է վերաբերում, ապա այն կարող է առանց վերալիցքավորման 150 կմ վազք ապահովել, իսկ հավելյալ 2000 եվրոյի դիմաց հնարավոր է դրա տարողությունը մեծացնել` մինչեւ 200 կմ վազքի ապահովմամբ, հաղորդում է gazeta.ru-ն:











