Ռուսաստանում այժմ աշխատում են մոտ 200 հազար աշխատանքային ներգաղթյալներ, եւ նրանց մեծ մասը կցանկանա հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ մեկնաբանելով ՌԴ օրենսդրական փոփոխությունները: Նրա խոսքով, նշված թիվը՝ 200-220 հազար, 2013թ. հունիսի-հուլիսին անցկացված հետազոտության արդյունքներն են:

Այդ 220 հազարից 20 հազարը ներգաղթյալներին ուղեկցողներն են, օրինակ, ընտանիքի անդամներ կամ ոչ աշխատանքային ներգաղթյալներ: Մնացած 200 հազարից 80-100 հազարը սեզոնային ներգաղթյալներ են, որոնք գնում են գարնանը եւ վերադառնում աշնանը: Մնացածները Ռուսաստանում տեւական ժամանակով են ապրում: «Իհարկե, շատերը կցանկանան քաղաքացիություն ստանալ: Դա նրանց կօգնի խուսափել շատ կենցաղային խնդիրներից»,- հայտարարել է Եգանյանը:

Նրա խոսքով, օրենքի տեքստից հնարավոր չէ հասկանալ, թե ով կարող է օգտվել հեշտացված կարգից: «Միգուցե, դա միտումնավոր է արված, որ հետո մանեւրելու տեղ ունենան»,- նշել է ժողովրդագիրը: