Ոչ իշխանական «քառյակը» չի քննարկել իրենց գործունեությանը «Օրինաց երկիր» կուսակցության միավորման հարցը: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Ազգային Ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ստեփան Մարգարյանը` «քառյակի» («Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») խորհրդարանական հանդիպումից հետո, որին իշխող Հանրապետական կուսակցության անդամների հետ միասին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Օրինաց երկրին» վերաբերող ոչ մի հարց չենք քննարկել: Մեզ ոչ ոք չի էլ դիմել, այնպես որ քննարկման հարց չկար»,- հայտարարել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարականի մասին է հայտարարել: Իսկ մի քանի օր առաջ կուսակցությունը երկրի իշխող կոալիցիան լքելու մասին որոշում էր կայացրել` Հանրապետական կուսակցությանը միայնակ թողնելով իշխանության ղեկին: Դրանից անմիջապես անց «Օրինաց երկիրը» լքել էին կուսակցական քվոտայով նախարար նշանակված երեք անդամները:
«Օրինաց երկիրը» դեռեւս հայտարարություն չի արել ոչ իշխանական «քառյակին» միանալու առնչությամբ, ինչը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:




























