Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝  ելույթ  ունենալով Արեւելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:

«Հայաստանը շահագրգռված է Արեւելյան գործընկերության ձեւաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարեւոր է, որ Արեւելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է»,- նշել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով, ցավալի է, բայց փաստ, որ գործընկեր պետությունների միջեւ դեռեւս չկա լիարժեք փոխգործակցություն: «Երբեմն մենք ոչ միայն չենք համագործակցում ընդհանուր նպատակներին հասնելու համար, այլեւ իրար նկատմամբ ցուցաբերում ենք թշնամանք եւ ատելություն: Ասվածի վառ ապացույցը Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն էր: Իհարկե, նրա բացակայությունն այսօրվա նիստին ինձ հնարավորություն չի տալիս մանրամասնորեն անդրադառնալ նրա ասածներին: Նա, փոխանակ խոսեր առկա բազմաթիվ պրոբլեմների մասին, փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը: Փոխանակ կատարեր որեւէ կառուցողական առաջարկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ անդրադարձավ քսանմեկամյա վաղեմության ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերին, որոնց կատարումը ժամանակին վիժեցվել էր հենց Ադրբեջանի կողմից»,- նշել է նա:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ խաղաղության եւ բարեկեցության համար առաջնային կարեւորություն ունի Եվրոպա մայրցամաքում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարեւորություն ունենալ Հայաստանի համար:

Անհերքելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղն ունի եվրոպական արժեքների վրա հիմնված, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ: Վաղուց հասունացել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը»,- ամփոփել է Հայաստանի նախագահը: