Գնահատելով Արեւելյան գործընկերության անցած ճանապարհը՝ կարող ենք նշել, որ այն մեծ հաշվով հաջողված է եղել։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝  ելույթ  ունենալով Արեւելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:

«Ինչպես բազմիցս նշել եմ՝ այն առաջին հերթին հնարավորություն տվեց գործընկեր երկրներին համակարգելու եւ ընդլայնելու ներքին բարեփոխումները։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա` մենք ամրապնդեցինք մեր փոխգործակցության հիմքը։

Հայաստանն ու Եվրամիությունն անցած հինգ տարիների ընթացքում համատեղ ծավալուն աշխատանք են կատարել. ամրապնդվել է մեր քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է»,- նշել է նախագահը։

Վերջինիս խոսքով, Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով ոլորտային համագործակցության շրջանակը։ «Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձեւավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձեւաչափերի հետ:

Մեր համոզմամբ, գործընկեր երկրներից որեւէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»,- նշել է նա։

«Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արեւելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «եւ՛, եւ՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն եւ ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները եւ ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։

Մենք անկեղծ հավատում ենք, որ միայն համագործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ եւ բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը:

Վերջում ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Արեւելյան գործընկերությունը դեռեւս իր ձեւավորման փուլում որոշակի խնդիր ուներ: Մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով, եւ կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արեւելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչեւ հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք եւ Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, եւ սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաեւ վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: