Անհրաժեշտ է հիշել, որ պատմական գրքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ այդ մասին է վկայում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Այս մասին Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցին ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ ժողովուրդը պետք է ԱՄՆ նախագահից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումն ակնկալի:
«Այսօր մեզ հնարավորություն ընձեռնվեց Հայաստանի ապագայի` հայ ուսանողների հետ շփվել, խոսել նրանց հույսերի ու հեռանկարների մասին: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն Հայաստանի գործընկերը լինի` հանուն այդ ապագայի»,- ընդգծել է Էդ Ռոյսը:
Նշենք, որ ապրիլի 25-ին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի նոր մասնաշենք է այցելել, եղել շինության տարբեր լաբորատորիաներում եւ դրանց տեխնիկական հնարավորություններին ծանոթացել:











