Հայաստանի աշխատանքի նախարարությունը տեղեկություններ չունի, թե գործատուները հարկադրել են աշխատակիցներին ընտրել կուտակային կենսաթոշակային հիմնադրամ: Այդ մասին ապրիլի 25-ին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: «Դուք ունե՞ք նման տեղեկություններ, ես չունեմ»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպես են լուծվելու կուտակային մասհանումների կարգավիճակի մասին տարակարծությունները (ստացվում է, որ գործատուները պետք է հավաքեն վճարումները, սակայն պարտավոր չեն փոխանցել), Ասատրյանը պատասխանել է, թե այդ եւ այլ հարցեր քննարկվելու են կառավարությունում օրինագծի վերջնական քննարկման ժամանակ, եւ խորհրդարանում:

«Մենք քննարկելու ենք նաեւ, թե ինչ ընթացակարգ է ընդունվել պարտադիր մասհանումների դադարեցման դեպքում, ընդհուպ մինչեւ վերջնական օրենքը, որ հետո է ընդունվելու»,- ասել է նա:

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին»  օրինագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայում՝ ապրիլի 28-30-ին:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով, մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: