Ուկրաինան նվազեցնում է իր մասնակցությունը ԱՊՀ Գործկոմին եւ հետ կանչում իր մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոյին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ինքը՝ Բունեչկոն:

«Իմ հետկանման մասին հրամանագիր կա: Պարտականությունները կատարելու է խորհրդականը»,- ասել է Բունեչկոն: Նա հստակեցրել է, որ վերադառնում է Կիեւ՝ դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ, բայց իրեն փոխարինող չեն ուղարկելու, հաղորդումէ  «ՌԻԱ Նովոստին»:

«Գերագույն ռադայում արդեն կա որոշման նախագիծ, որի կետերից մեկով վերացվելու է մշտական ներկայացուցչությունը»,- ասել է Բունեչկոն՝ նշելով, որ հաջորդ շաբաթ լքելու է Մինսկը:

Ավելի վաղ Կիեւը հայտարարել էր, թե հրաժարվում է ԱՊՀ նախագահությունից, ինչից հետո պարտականություններն անցել էին Բելառուսին: Կիեւում չեն բացառել նաեւ ԱՊՀ-ից ամբողջովին հրաժարվելը: