Հյուսիսային կորեայի իշխանություններն ապրիլի 10-ին ձերբակալել են ԱՄՆ քաղաքացի Միլլիր Մեթյու Թոդդին, ով զբոսաշրջության նպատակով ժամանել էր այդ երկիր: Ձերբակալման պատճառը սահմանը հատելիս զբոսաշրջիկի ոչ ադեկվատ պահվածքն էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ամերիկացին պատռել է իր տուրիստական վիզան, ապա վանկարկել. «Ինձ ապաստան է պետք», «Ես ԿԺԴՀ եմ եկել ապաստան ստանալու»: Թոդդին տեղափոխել են մեկուսարան: Ներկայումս կորեական իշխանությունները հետաքննում են միջադեպը: Այլ մանրամասներ հայտնի չեն:



























