Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկրի անվտանգության ծառայությանը եւ ՆԳ մարմիններին հանձնարարել է ապահովել լրագրողների անվտանգությունը եւ Ուկրաինայի արեւելքում իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ տեղական հեռուստաալիքների անխափան հեռարձակումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, տեղեկություն է տարածել երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի այն շրջաններում, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են ընթանում, միջոցներ ձեռնարկել լրագրողների, հեռուստաօպերատորների եւ օրենսդրությամբ սահմանված կարգով որպես մամուլի ներկայացուցիչներ հավատարմագրված այլ աշխատակիցների անվտանգության ապահովման համար»,- ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, ՆԳ մարմիններին եւ հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման հարցերով պետական կոմիտեին հանձնարարվել է «միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում անխափան տեսալսողական հեռարձակում ապահովելու համար»,- տեղեկացնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Իրավապահներին հանձնարարվել է երկրի հարավ-արեւելքում վերգետնյա ռադիոհեռուստատեսային ցանցի պահպանությունն ապահովել:
Մինչ այդ ռուսական եւ արտասահմանյան թղթակիցներին հաճախ արգելվում է Ուկրաինայի հիշյալ շրջանները մուտք գործել, որտեղ նրանց ցանկանում են ծավալվող իրադարձությունների ականատեսը լինել:
«Ձերբակալվում եւ կալանքի տակ են առնվում լրագրողներ: Ոչ միայն ռուսական, այլ նաեւ` արտասահմանյան լրագրողներին չի թույլատրում Ուկրաինայի այն շրջանները մուտք գործել, որտեղ նրանց ցանկանում են ծավալվող իրադարձությունների ականատեսը լինել»,- հայտարարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով, որ այդ ամենը վրդովմունք է առաջացնում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























