Բրազիլիայի բանակի նախկին գնդապետ Պաուլու Մալյանսը, որը ավելի վաղ խոստովանել էր ռազմական բռնապետության օրոք քաղբանտարկյալներին տանջելու եւ սպանելու գործողություններին իր մասնակցությունը, Ռիո դը Ժանեյրոյի իր տանը մահացած է հայտնաբերվել:
Որոշ տվյալներով՝ 76-ամյա պաշտոնաթող զինվորականին սպանել են երեք տղամարդիկ:
Մալյանսը մարտին հայտարարել էր, որ երբեք չի ափսոսում բռնապետության 21 տարիներին մարդկանց մահվան համար: Նրա խոսքով՝ «ինքը խլել է այնքան մարդու կյանք, որքան որ պետք էր», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա ինքն անձամբ էր պարտակել իր կողմից սպանվածների մարմինները:
1964թ.-ից սկսած մոտ 500 մարդ էր զոհվել զինվորական ռեժիմի հրամանով:
Բռնապետության տարիներին հազարավոր բրազիլացիներ բանտերում կտտանքների էին ենթարկվել: Նման բանտարկյալներից մեկն էլ ներկայիս նախագահ Դիլմա Ռուսեֆն է եղել:


























