Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցել երեկ՝ ապրիլի 25-ին քառյակի նիստին անակնկալ եկած նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեզ համար անակնկալ էր Հովիկ Աբրահամյանի գալը, սակայն մեր խմբակցությունը քննարկմանը չի մասնակցել: Հովիկ Աբրահամյանը եկել էր կուտակայինի վերաբերյալ խոսելու, սակայն անձամբ ես ու Լեւոն Զուրաբյանն իր հետ ոչինչ չենք խոսել, ոչինչ չենք քննարկել ու ոչ մի հարց չենք բարձրացրել»,- ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով՝ քառյակի նիստն ընդհատվել է, իսկ վարչապետի գնալուց հետո չորս ոչ իշխանական ուժերը քննարկել են իրենց օրակարգում եղած բոլոր հարցերը:
Նշենք, որ ապրիլի 25-ին կայացած քառյակի նիստին անակնկալ եկած Հովիկ Աբրահամյանը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ չորս ուժերն իրեն տվել են կուտակայինի վերաբերյալ իրենց նախագիծը, որն ինքը կուսումնասիրի եւ իր կարծիքը կհայտնի:



























