Կառավարությունը Ազգային ժողովի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25-ին կայացած նիստի ժամանակ խոստացել է երկուշաբթի՝ ապրիլի 28-ին խորհրդարան ներկայացնել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերամշակված տարբերակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որը մասնակցել է նիստին:
«Կառավարությունը ներկայացրել է նախագիծը, որը մեզ չի բավարարել, մենք փոխանցել ենք մեր տարբերակը, եւ իրենք խոստացել են երկուշաբթի առավոտյան բերել նոր վերամշակված նախագիծ: Երկուշաբթի կնայենք եւ հետո կորոշենք՝ կողմ քվեարկենք, թե ոչ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ ինչու են կառավարության ներկայացուցիչները պնդում, որը օրենքը հակասահմանադրական չի ճանաչվել եւ պահումներ պետք է արվեն՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եկեք մանրամասների մեջ չմտնենք: Մեր համոզմամբ՝ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, եւ այն այլեւս չպետք է գործի: Իրենք կներկայացնեն իրենց վերամշակված նախագիծը, մենք կծանոթանանք, դրանից հետո կորոշենք»:
Նշենք, որ կառավարությունն ապրիլի 28-ին խորհրդարանին է ներկայացնելու կուտակայինի վերաբերյալ նոր նախագիծ, որը վերաբերվում է կասեցնել վճարումներ չկատարելու համար նախատեսված տույժ-տուգանքները, ինչը նշանակում է, որ գործատուները պետք է շարունակեն պահումներ կատարել, իսկ չկատարելու դեպքում այնուամենայնիվ չեն տուգանվի: Մինչդեռ ապրիլի 23-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դե ֆակտո պարտադիրը կասեցվում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























