Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախեւառաջ մեծ ազդեցույթուն կունենա թուրք հասարակության վրա, ապրիլի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է հակառասիստական«EGAM» կազմակերպության նախագահ Բենջամին Աբթանը (Ֆրանսիա):
Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կնշանակի թուրքական ավելի ժողովրդավար պետություն, պետական կառույցների առավել թափանցիկություն, խոսքի ազատություն, այսինքն՝ երկրում ժողովրդավարության միանգամայն այլ մակարդակ կհաստատվի:
Փոխհատուցման համար, ըստ Բենջամին Աբթանի, անհրաժեշտ են բանակցություններ: Կարող են լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդանշական փոխհատուցումներ: Անդրադառնալով խորհրդանշական փոխհատուցումներին՝ նա նշել է. «Դա կարող է լինել հիմնադրամների ստեղծում, որոնց շնորհիվ, օրինակ, Թալեաթ փաշայի փողոցը կվերանվանվի եւ կկոչվի Ցեղասպանության զոհերից մեկին անվամբ: Դա կփոխի թուրքական դիվանագիտությունը, այն ուղղված կլինի հայկական մշակութային ժառանգության հանդեպ առաջընթացին»:
Բենջամին Աբթանը նաեւ հավելել է, որ խորհրդանշական փոխհատուցումների մի մասը կարող է նույնիսկ մինչեւ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տրամադրվել: «Օրինակ, հիմա տեսնում ենք, որ քրդաբնակ տարածքների` Վանի, Դիարբեքիրի իշխանությունները ոչ միայն ճանաչում են ցեղասպանությունը, այլ նաեւ պատրաստ են հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Պետությունն այստեղ միակ խաղացողը չէ»,- ասել է Աբթանը: Մի քանի խորհրդանշական փոխհատուցումները, նրա համոզմամբ, կարող են մեծացնել ճնշումը թուրքական պետության նկատմամբ, ինչպես նաեւ օրինակ ծառայել այլ կազմակերպությունների, տեղական իշխանությունների եւ թուրքական պաշտոնատար անձանց համար:




























