19-ամյա Սթիվեն Սաթոնի պատմությունը ցնցել է ողջ Մեծ Բրիտանիան: Այն բանից հետո, երբ նրա մոտ աղիքային քաղցկեղ են հայտնաբերել, համացանցում քաղցկեղով հիվանդ դեռահասների օգնության հիմնադրամի համար միջոցներ հավաքելու արշավ է սկսել: Նրա վերաբերմունքը հիվանդության նկատմամբ փոխել է միլիոնավոր օգտատերերի գիտակցությունը. Սթիվենի նախագիծը կարճ ժամանակում ավելի քան 2 մլն ֆունտ ստերլինգ է հավաքել:
Ինչպես հաղորդում են «The Guardian»-ն ու «The Independent»-ը, Սթիվենն իր ախտորոշման մասին իմացել է 15 տարեկան հասակում: Բժիշկները խոստովանել են, որ նրա հիվանդությունն անբուժելի է: Այն ժամանակ դեռահասը Facebook-ում հրապարակել է ցանկությունների իր ցուցակը, որոնք կցանկանար հասցնել անել մինչեւ իր վախճանը, եւ անվանել է այն «Սթիվենի պատմությունը»,- հաղորդում է «RussiaToday»-ը:
46 կետից բաղկացած ցուցակի համաձայն՝ երիտասարդը երազում էր գրկել փղի, 90 հազար հանդիսատեսի առաջ նվագել թմբուկների վրա, այցելել Մաչու-Պիկչու, դաջվածք անել: Առաջին կետում էր միջոցների հավաքում դեռահասների քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի համար. կազմակերպությունն օգնում է 13-ից 24 տարեկան երիտասարդներին: Սթիվենը կարողացել է նրանց համար 10 հազար ֆունտ հավաքել:
Հարկ է խոստովանել, որ Սթիվենի ցուցակի շատ կետեր արդեն իրագործվել են: Իսկ 10 հազար ֆունտ հավաքելու ցանկությունը Սթիվենն ու իր բլոգն արդեն առաջին իսկ ամիսների ընթացքում գերազանցել են: Հոդվածը գրելու պահին հիմնադրամի համար հավաքվել էր 2 մլն 225 հազար ֆունտ ստերլինգ:
BBC-ի նյութերի համաձայն՝ մի քանի օր առաջ Սթիվենը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գրառումը վերջինն է, այնուհետ թարմացումները կլինեն ընտանիքի իր անդամների կողմից: «Ցավոք, որ ամեն ինչ այսքան անսպասել է ավարտվում,- գրել է Սթիվենը:- Այնքան շատ մարդկանց չհասցրեցի շնորհակալություն հայտնել, հրաժեշտ տալ: Ներեցեք ինձ դրա համար: Կշարունակեմ պայքարել այնքան, որքան կարող եմ: Ինձ հետ հետագայում ինչ էլ որ լինի, իմացեք՝ ես ինձ շատ լավ եմ զգում: Ահա եւ վերջ: Իմ կյանքը հիասքանչ էր»:



























