Չինաստանում ընդհատակյա կազինոյի նկատմամբ օրինապահ գործողությունները չորս մարդու մահվան պատճառ են դարձել, եւս մեկը վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկություն է տարածել Շենչժեն քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան շինարարական բազայի հանգստի սենյակների դիտարկում է իրականացվել, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցները ընդհատակյա խաղատուն են հայտնաբերել: Նկատվել է, թե ինչպես են հաստատության այցելուները պատուհաններից ցած նետվում»,-հաղորդվում է վարչության զեկույցում:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ անօրինական խաղատունը շինության երրորդ հարկում է գտնվել, որի հետեւանքով պատուհաններից ցած նետված օրինազանցներից չորսը մահացել են, եւս մեկը վնասվածքներ է ստացել:

Մոլախաղերը մայրցամաքային Չինաստանում օրենքով արգելված են: Բացառություն է հանդիսանում Մակաո հատուկ վարչական շրջանը, որտեղ խաղային բիզնեսը ծաղկում է ապրում եւ բյուջեին մեծ եկամուտներ բերում: