ԱՄՆ-ում Դոուսոն-Սփրինգս քաղաքից 34-ամյա փոստատար Ուիլյամ Մորսը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման եւ հավելյալ 6 ամսվա տնային կալանքի այն բանի համար, որ 45 հազար նամակ ու ծանրոց տեղ չի հասցրել: Ամենը տղամարդը պահում էր հատուկ վարձակալած պահեստում, հաղորդում է «Mirror»-ը:
Տեղ չհասցրած նամակների մի մասը Մորսը պահում էր վերջերս մահացած իր մոր տան նկուղում: Հանցագործությունը բացահայտվել է, երբ պահեստի տերը այնտեղ ԱՄՆ-ի փոստի պիտակով փաթեթներ է հայտնաբերել: Շինության տերն անմիջապես տեղեկացրել է այդ մասին իշխանության ներկայացուցիչներին, հաղորդում է «Amic.ru»-ն:
Փոստատարի փաստաբանը դատարանում պատմել է, որ իր պաշտպանյալը վերջերս ամուսնալուծվել է եւ այժմ ստիպված է ինքնուրույն երեխաներին դպրոցից վերցնել: Իբր այդ պատճառով Մորսը ժամանակ չուներ ողջ փոստը ժամանակին բաժանել: Ազատազրկումից բացի դատարանը ծույլի համար 15 հազար դոլար տուգանք է նշանակել որպես փոխհատուցում բոլոր նրանց, որոնց նամակները տեղ չի հասցրել:




























