Սաուդյան Արաբիայում իրականացված լաբորատոր հետազոտությունները մահացու վտանգավոր կորոնավիրուսով վարակման եւս 14 դեպք են հաստատել: Ինչպես Gulf News պարբերականն է գրում, հիվանդությունից 5 մարդ է մահացել:
Վարակի նոր դեպքերը թագավորության մայրաքաղաք Էր-Րիադում, երկրի արեւմուտքում գտնվող Ջիդդա քաղաքում եւ մահմեդականների սրբավայր Մեքքայում են գրանցվել: Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայում վարակվածների թիվը 313-ի է հասել, որոնցից 92-ը մահացել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վարակի տարածումը հատկապես ռամադանի ամսին ընդառաջ մտահոգության տեղիք է տալիս: Շուտով հարյուր հազարավոր ուխտագնացներ են երկիր ժամանելու: Սաուդյան Արաբիայի թագավորը ապրիլի 24-ին, արձագանքելով վարակվածների թվի եւ հասարակության շրջանում խուճապային տրամադրությունների նշանակալի աճին, Ջիդդա է այցելել` բնակչությանը հանգստացնելու նպատակով: Կարմիր ծովի ափին գտնվող այդ քաղաքում վարակման ամենաբարձր մակարդակներից մեկն է գրանցվել:
Տարածման մակերեսի շնորհիվ Մերձավորարեւելյան անունը ստացած մահաբեր վարակը առաջին անգամ Սաուդյան Արաբիայում 2012թ. սեպտեմներ ամսին է նկատվել:




























