«Կիլիկիա» առագաստանավի` Սեւանա լճով շրջագայության սեզոնը մայիսին կմեկնարկի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
Վերջինիս խոսքով, ներկայումս ավարտին են մոտենում նավի` ձմեռային հանգստից հետո ապակոնսերվավորման աշխատանքները: Պլանային երթուղիներից բացի, այս տարի նաեւ էքսկուրսիոն շրջագայություններ են նախատեսվում, նշել է Կարեն Բալայանը:
«Կիլիկիան» 12-13դդ. առագաստանավերի նախագծով է ստեղծվել: Կառուցումը սկսվել է 1991թ. եւ շուրջ 11 տարի տեւել: Եվս երկու տարի նավը փորձաշրջան է անցել Սեւանա լճում, որից հետո երկարատեւ նավարկություն էր սպասվում: Երկու տարվա ընթացքում «Կիլիկիան» 15 հազար ծովային մղոն է կտրել եւ 26 եվրոպական երկրների ու սեւծովյան ջրավազանի 63 նավահանգիստներում հանգրվանել: Առագաստանավի կառուցmան ծախսերը շուրջ 80 հազար ԱՄՆ դոլար են կազմել: Նրա երկարությունը 20 մետր է, կայմի բարձրությունը` 14 մետր, առագաստի կտավի մակերեսը` 100 ք.մ., արագությունը` 6 հանգույց: Նավը կառավարելու համար 14 հոգանոց անձնակազմ է հարկավոր: Այն միաժամանակ կարող է իր վրա մինչեւ 50 մարդ տեղավորել: Ծովայինների հագուստը, սնունդը, կենցաղը, նավիգացիայի մեթոդները եւ սարքավորումները կրկնօրինակում են այն ամենը, ինչ ժամանակին ծովային ճամփորդության մեկնող կիլիկիացի առեւտրականներն են ունեցել:




























