Վայոց Ձորի Չիվա գյուղի բնակիչ, ապրիլի 25-ից անհետ կորած 54-ամյա Վաչագան Պողոսյանը սահմանամերձ գոտում պայթել է ականի վրա եւ մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը հայտնել էր, որ հնարավոր է, Վաչագանը սխալմամբ Ադրբեջանի սահման անցած լինի:

«Երեկ առավոտյան ժամը 7-ին տնից դուրս է եկել եւ գնացել սահմանի մոտից բոխի բերելու, որ ծախեն, ապրեն: Սոցիալապես շատ ծանր պայմաններում են ապրում: Լավ օրից չի, որ գնացել է սահման: Հնարավոր է՝ հենց սահմանն անցած լինի, որովհետեւ 10-15 կմ հեռավորության վրա անցակետեր են տեղադրված, հնարավոր է՝ այնպես անցած լինի, որ զինվորները չտեսնեն»,- ասել էր գյուղապետը:

Վաչագան Պողոսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:

«Տղան ու աղջիկը ամուսնացած են, Ռուսաստանում են, մոտը մենակ հարսն է ու տղայի երեխան: Ինքն էլ Ռուսաստանից մի 10 օր առաջ է հետ եկել, թեւն ու ոտքը վնասված են, բայց մեկ է՝ գնում էր խոտաբույսեր հավաքելու, որ ապրեն»,- ավելացրել էր Նաիրի Սարգսյանը:

Նշենք, որ Չիվայում նման բան առաջին անգամ է պատահում, այստեղից երբեք գյուղացիները սահմանը չեն անցել:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ  Չիվա գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի եւ չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողա-փրկարարական աշխատանքները դադարեցվել էին անբարենպաստ եղանակի եւ վատ տեսանելիության պատճառով եւ վերսկսվել են այսօր առավոտյան: