Իտալացի նկարիչ Բրունո Բրունին չի սպասում, թե երբ իրեն կայցելին մուսան, նա ոգեշնչման աղբյուր չի փնտրում, նա պարզապես աշխատում է, որի արդյունքում կտարվեր են ծնվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Երեւանի ազգային պատկերասրահում իր նկարների ցուցահանդես բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Բրունո Բրունին (ֆոտոռեպորտաժ):

Նա լրագրողներին հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիտել  իր բոլոր նկարները, ինչպես նաեւ հույս հայտնել, որ «դրանք նրան դուր եկան»:

Հարցին՝ ինչն է  իրեն ոգեշնչում, նկարիչը պատասխանել է, որ ինքը պարզապես աշխատում է: «Անկեղծ ասած, ես մուսա չունեմ, ես պարզապես աշխատում եմ, ես չեմ կարող սպասել»,-ասել է նա՝ ընդգծելով, որ աշխատում է օրական 5-6 ժամ:

Հարցին, թե ինչ իր հետ կտանի հայաստանից եւ ինչ ազդեցություն կթողնի Հայաստանն իր ստեղծագործություններում, նկարիչն արձագանքել է, որ դա կհասկանա երբ մայիսի 1-ին վերադառնա Իտալիա:

Նշենք, որ ապրիլի 26-ից հունիսի 2-ը Երեւանի ազգային պատկերասրահում ընթանում է իտալացի հայտնի արվեստագետ նկարիչ Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդեսը: