Դոնեցկի մարզում ցուցարարները Ուկրաինայի Անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջեկատների երեք սպայի են ձերբակալել, որոնք Կիեւից էին ժամանել: «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ձերբակալվածների խնդիրներն էին հետախուզությունն ու Դոնեցկի ինքնապաշտպանության առաջնորդներից մեկի առեւանգումը:

«Երեք անձն էլ Ուկրաինայի Անվտանգության ծառայության Ա(«Ալֆա») հատուկ ստորաբաժանման զինվորներ են՝ խմբի հրամանատար եւ սպաներ(փոխգնդապետ, մայոր եւ կապիտան, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Նրանց ձերբակալել են մարտական առաջադրանքի կատարման ժամանակ, որն ուղղված էր Գորլովկա քաղաքում Դոնբասի ժողովրդական ոստիկանության անդամներից մեկի ձերբակալմանը»,- հայտարարել է Սլավյանսկի ինքնապաշտպանության ղեկավար Իգոր Ստրելկովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «նրանց կամ կփոխանակեն ոստիկանության աշխատակիցների հետ, որոնց ձերբակալում եւ Կիեւ են տանում, կամ կմնան մեզ մոտ մինչեւ իրավիճակի պարզումը:

Նշենք, որ Դոնբասի ինքնապաշտպանական ուժերն ապրիլի 25-ից պահում են զինվորական դիտորդների խմբին ԵԱՀԿ մի շարք անդամ պետություններից, որը գտնվում էր Ուկրաինայի արեւելքում՝ ուկրաինական իշխանությունների հրավերով: Ինչպես հաղորդել է Եվգենի Գորբիկը, ձերբակալվածները զբաղվում էին հետախուզական գործունեությամբ:

ԵԱՀԿ քարտուղարության տվյալներով՝ խմբի կազմում հինգ գերմանացի մասնագետ կա, մեկական դիտորդ Դանիայից, Լեհաստանից, Չեխիայից ու Շվեդիայից: