«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները թույլ չեն տվել Դոնեցկի մարզային պետական վարչակազմի տարածք մտնել, որը վերահսկվում է ժողովրդական ոստիկանության ուժերի կողմից:

«Նա մոտեցել է մարզային վարչակազմի շինությանը, կանգնել բարիկադների մոտ: Մոտեցել են ուժայիններն ու ասել, որ այստեղ անելիք չունի: Նա ցանկացել է շփվել մարդկանց հետ, ովքեր գտնվել են շինության ներսում, սակայն մարդիկ որոշել են, որ նրա հետ խոսելու ոչինչ չունեն»,- հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչւ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Ինչ գործ ունես այստեղ, դու քո երկրին դավաճանել ես, ինչ խոսենք քեզ հետ…»,- բղավում էին ամբոխից:

Դոնեցկում գործարարները ծրագրում էին հանդիպում անցկացնել տեղի իշխանությունների հետ, այնուհետ շփվել լրատվամիջոցների հետ: Նախօրեին Խոդորկովսկին ելույթ էր ունեցել Խարկովում, որի  ընթացքում հետաքրքրվել էր հավաքվածներից, թե ինչպես նրանք վերաբերում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, որից հետո իր աջակցությունն էր հայտնել ուկրաինացիներին:

«Ես ռուսաստանցի եմ, հետեւաբար շատ անհանգիստ եմ Ռուսաստանի համար: Սակայն միեւնույն ժամանակ անհանգստանում եմ Ուկրաինայի համար եւ ցանկանում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի»,- հայտարարել է նա:

Հավելենք, որ Դոնեցկում «Դոնբասը Ռուսաստանն է: Մենք միասին ենք» կարգախոսի ներքո հանրահավաք է տեղի ունենում: