Սաուդյան Արաբիայի իշխանությունները վեց ամսվա ընթացքում 427 հազար միգրանտ են արտաքսել: Եւս 12,6 հազարը հատուկ կենտրոնում սպասում են դրան: «Նախարարությունն ընդգծում է, որ թույլ չի տա միգրացիոն օրենսդրության խախտում»,- ասվում է երկրի ՆԳՆ տարածած հայտարարությունում:
2013թ. սկզբում սաուդյան միգրացիոն ծառայությունները բնակության թույլտվության կամ վիզաների ժամկետներն անցած օտարերկրյա քաղաքացիներին երեք ամիս ժամանակ էր տվել փաստաթղթերի հետ կապված խնդիրները կարգավորելու համար, որի հետո ժամկետը հետաձգվել էր եւս չորս ամսով: Նոյեմբերին ոստիկանությունը ստուգումներ սկսեց անցկացնել այն օտարերկրացիների որոնման ուղղությամբ, ովքեր անօրինական են գտնվում երկրի տարածքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրից արտաքսման ենթակա օտարերկրացիները մի քանի ամիս ստիպված են իրենց փաստաթղթերին սպասել կենտրոններում, որոնք ամենեւին էլ նախատեսված չեն երկար բնակության համար: Կենտրոններում մի քանի անգամ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: 2014թ.-ի մարտի սկզբին բողոքի ցույցի հետեւանքով նման կենտրոններից մեկում մեկ անձ զոհվել էր, ինը վնասվածքներ էին ստացել:



























