ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Նոքս կոմսությունում շերիֆի տեղակալը հեռացվել է աշխատանքից, երբ ի հայտ են եկել լուսանկարներ, թե ինչպես է նա փորձում խեղդել ձերբակալված ուսանողին:
Լուսանկարները, որոնցում 47-ամյա Ֆրանկ Ֆիլիփսը երկու ձեռքով բռնել է Թենեսիի համալսարանի ուսանող Ջարեդ Դոթսոնի կոկորդը, լուսնակարիչն արել էր Ֆորտ Սանդերսում մի երեկույթից հետո:
Լուսանկարներում երեւում է, թե ինչպես է ուսանողն ընկած անգիտակից վիճակում:
Ըստ շերիֆի պաշտոնական կայքի հաղորդագրության` Ֆրանկ Ֆիլիփսը «հետագա ծառայության համար անպիտան է ճանաչվել»:
«Ծառայության 34 տարվա ընթացքում ես ոչ մի անգամ ձերբակալվածի նկատմամբ ավելորդ ուժ չեմ գործադրել»,- կայքում մեկնաբանել է շերիֆ Ջիմի Ջոնսը: Ըստ նրա` կատարվում է քննություն, որից հետո կպարզվի, թե իսկապես ձերբակալված ուսանողի նկատմամբ ավելորդ ուժ կիրառվել է, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին» ` վկայակոչելով Daily Mail-ը:
«Այնուամենայնիվ, Ֆրանկ Ֆիլիփսն անմիջապես հեռացվել է աշխատանքից»,- հավելել է շերիֆը:
Ըստ ականատեսների` Ջարեդ Դոթսոնը ձերբակալվել էր, քանի որ փողոցում զբոսնում էր հարբած եւ ալկոհոլ խմում բաժակից, ինչն ԱՄՆ-ում օրենքով արգելված է: Ականատեսները հավելում են, որ Դոթսոնն արհամարհել էր ոստիկանների՝ ներս մտնելու հորդորը: Այնուհետեւ ուսանողը դիմադրել էր ոստիկաններին, որից հետո ձերբակալվել էր:




























