Աստանայի դպրոցների մեկի առաջին դասարանի աշակերտուհին ուժեղ այրվածքներից հետո մաշկի փոխպատվաստման է սպասում: Վնասվածքի պատճառ է հանդիսացել Samsung Galaxy սմարթֆոնը, որ պայթել էր դպրոցականի գրպանում: Հարավկորեական ընկերության տեղական ստորաբաժանումը հետաքննում է միջադեպի մանրամասները:
Պայթյունը հնչել է այն ժամանակ, երբ աղջիկը հասակակիցների հետ խաղում էր բակում, տուժածի հորը վկայակոչելով հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Աղջնակը հանկարծակի է եկել եւ ճչացել` նկատելով, որ ջինսե տաբատն այրվում է:
«Հարեւանները, փորձելով փրկել դստերս, հագից հանել են այրվող ջինսը: Պարզվում է` մաշկի հետ միասին: Այրվածքը ոսկորներին է հասել»,- պատմել է աշակերտուհու հայրը: Ներկայումս երեխան մոր հետ միասին հիվանդանոցում է գտնվում, որտեղ պետք է մաշկի փոխպատվաստման ենթարկվի, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աղջկա հայրը նաեւ ասել է, որ դստեր` ոտքի կանգնելուն պես միջադեպի պատճառների մանրազննին հետազոտություն է պահանջելու: Իրենց հերթին, Ղազախստանում Samsung-ի ներկայացուցչությունում ասել են, որ անընդհատ կապի մեջ են տուժած աղջնակի ծնողների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնությունը տրամադրել եւ նույնքան մտադրություն ունեն միջադեպի հանգամանքները պարզելու:
«Միջադեպի պատճառ դարձած ապրանքը ստանալուն պես անհապաղ հետաքննություն կսկսենք»,- հայտնել են Samsung Ղազախստան ընկերությունում:
«Հաճախ բազմաթիվ համարժեք դեպքերի պատճառ է հանդիսանում օգտատերի` անվտանգության կանոնների չիմացությունը եւ չսերտիֆիկացված պահեստամասերի, մասնավորապես` մարտկոցների կիրառումը»,- հայտարարել են հարավկորեական ընկերության ղազախստանյան ներկայացուցիչները:





























