Աշնանը Ուկրաինան կարող է հակադարձ մատակարարումների տեսքով օրական շուրջ 20 մլն խմ գազ ստանալ Սլովակիայից: Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերի մամուլի քարտուղարը:

«Այդպիսով, դա տարեկան 8 մլրդ խմ մատակարարման մակարդակի հասնելու հնարավորություն կտա»,- նշել է նա:

Այսօր` ապրիլի 28-ին, Եվրահանձնաժողովը, չսպասելով ստորագրմանը, ողջունել է Ուկրաինային հակադարձ մատակարարման տրամադրման մասին հուշագրի կազմումը:

«Ես ջերմորեն ողջունում եմ Սլովակիայից Ուկրաինա գազային հոսքի ապահովման շուրջ բանակցությունների այս բեկումնային ելքը»,- նախապես հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Սլովակիայից ստացված գազը նշանակալի լրացում կլինի այն ծավալներին, որ Ուկրաինան արդեն ստանում է Հունգարիայից եւ Լեհաստանից»,- իր հերթին հայտարարել  է էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտտինգերը, ընդգծելով, որ «ԵՄ-ից ստացված մատակարարումները Ուկրաինային թափանցիկ գնագոյացմամբ գազի հասանելիություն կապահովեն»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գազի հակադարձման մասին հուշագրի ստորագրումը, ըստ նախատեսվածի, ապրիլի 28-ին` Բրատիսլավայում կկայանա: Ստորագրող կողմ կհամարվեն սլովակյան Eustream ընկերությունը եւ ուկրաինական «Ուկրտրանսգազը»: Արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Էտտինգերը եւ Վերին Ռադայի կողմից նշանակված էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը: