ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին` Ուկրաինայում իրադրության հետ կապված: 

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության` նոր պատժամիջոցները վերաբերելու են յոթ պաշտոնյայի, ներառյալ ՌԴ նախագահի մտերիմ շրջանակից երկու մարդու, ինչպես նաեւ այդ շրջապատի մարդկանց հետ կապված 17 ընկերության:

Բացի դրանից, ԱՄՆ առեւտրի նախարարությունը «հավելյալ սահմանափակումներ» է կիրառում այդ ընկերություններից 13-ի նկատմամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշել էր պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, իսկ  ԵՄ երկրների արտգործնախարարները պայմանավորվել էին պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի եւ ուկրաինացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց  մեղավոր կճանաչեն «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: