Solar-jet նախագծի անդամ գիտնականները հերթական քայլն են կատարել վերականգնվող կերոսինի ստեղծման ուղղությամբ.  լաբորատոր պայմաններում նրանց հաջողվել է շարժիչներում վառելիքի այրման արդյունքում ստացված տարրերից ոչ մեծ քանակությամբ կերոսին հետ բերել, հաղորդել է Եվրահանձնաժողովը:

Հետազոտողների եւ տեխնոլոգներին հաջողվել է կերոսինի քայքայման եւ վերականգնման շղթա կառուցել: Վառելիքի այրման արդյունքում ստացված ջրից եւ ածխաթթու գազից խտացված արհեստական արեւային լույսի ազդեցությամբ սինթետիկ գազ է ստացվել, ինչն էլ այնուհետեւ այսպես կոչված Ֆիշեր-Տրոպշի գործընթացի օգնությամբ կերոսինի է հետ վերածվել:

Ողջ գործընթացի արդյունքում ստացված վառելիքն արդեն սերտիֆիկացվել է եւ կարող է առանց հավելյալ փոխակերպումների կիրառվել տարբեր տիպի, այդ թվում` նաեւ ավիացիոն շարժիչներում: Այնուամենայնիվ, նշված ճանապարհով առայժմ հաջողվել է «արեւային կերոսինի» ոչ մեծ քանակություն ստանալ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Solar-jet նախագծի հաջորդ փուլում գիտնականները մտադիր են արեւային ռեակտորի օպտիմալացմամբ զբաղվել, պարզելու համար, թե արդյոք այն կարող է արդյունաբերական մասշտաբներով կիրառվել եւ որքանով արտադրվող վառելիքը գնի առումով մրցունակ կլինի: