Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Սիյմ Կալլասը ԵՄ-ի անունից ստորագրել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին հուշագիրը: Այժմ փաստաթուղթը Կիեւ կուղարկվի` Ուկրաինայի կառավարության կողմից ստորագրման նպատակով, հաղորդում է LIGA-ն:

Ֆինանսական օգնության փաթեթն ավելի վաղ` ընթացիկ տարվա ապրիլի 14-ին հավանություն էր գտել ԵՄ նախարարների խորհրդի կողմից:

Հիշյալ ծրագիրը նպատակ ունի Ուկրաինայում տիրող իրադրության կայունացման համար երկրի արտաքին ֆինանսավորման հրատապ կարիքները հոգալ եւ իրականություն դարձնել այն բարեփոխումները, որոնք ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ այդ երկրի իշխանություններն էին պատրաստել: Եվրահանձնաժողովը գտնում է, որ օգնության տրամադրումը հուշագրով սահմանված կոնկրետ տնտեսական պայմաններից եւ stand-by ծրագրով ԱՄՀ-ի վարկի տրամադրումից կախված կլինի:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Ուկրաինան ամռանը ԵՄ-ի հետ բաց երկնքի մասին պայմանագիր կկնքի: Բացի այդ, նախատեսվում է համարժեք պայմանագրերի ստորագրումը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ: