ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում, այսօր ապրիլի 28-ին, տեղի է ունեցել «Համաձուլման ճամփեքով» խորագիրը կրող համագումարը, որը կազմակերպել էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող խորհուրդ» հ/կ-ն: Նախաձեռնության նպատակը քննարկել եւ ծրագրեր առաջարկել Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի ինտեգրման գործընթացը առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող խորհուրդ» հ/կ-ի նախագահ Լենա Հալաջյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր պատասխանատու պետական մարմիններին եւ հասարակական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայերի կողքին գտնվելու եւ նրանց աջակցելու համար:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ողջունեց նախաձեռնության մասնակիցներին եւ հավելեց, որ սիրիահայերը այն մարդիկ են, ովքեր սիրիական քաղաքական հայտնի դեպքերի պատճառով կիսում են Սիրիայից տեղահանված բնակչության ճակատագիրը, եւ իրենց ցանկությամբ հանգրվանել Հայրենիքում:
Հ. Հակոբյանը նշեց. «ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մշակվեց պետական քաղաքականություն, որի նպատակն էր սիրիահայերի տեղավորումն ու Հայաստանի հասարակությանը ինտեգրումը: Այդ աշխատանքները վստահվեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը: Անցած երեք տարիների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ՀՀ կառավարություն են ներկայացվել տասնյակ իրավական ակտեր, որի արդյունքում սիրիահայ մեր հայրենակիցների շատ խնդիրներ ստացել են արագ եւ հեշտացված լուծումներ՝ սկսած նրանց վարորդական իրավունքների ճանաչումից մինչեւ մաքսային, կրթական, առողջապահական եւ այլ արտոնությունների տրամադրումը: Փոքր եւ միջին բիզնես հիմնելու համար աշխատանքներ տարվեցին սիրիահայերին վարկային արտոնություններ տրամադրելու, խրախուսելու ուղղությամբ: Սիրիահայերի ցանկությամբ եւ առաջարկությամբ Աշտարակում հիմք դրվեց «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս հիմնելու ծրագրին, որի տարածքի տրամադրման, երկրաչափական եւ ճարտարապետական աշխատանքները կատարվել են անվճար՝ ՀՀ սփյուռքի նախարարության եւ համապատասխան մարմինների նախաձեռնությամբ»:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ դիվանագիտական, ինչպես նաեւ Սիրիայում գործող շտապ օգնության կառույցներին՝ Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքի վերջին իրադարձությունների մասին միջազգային տարբեր ամբիոններում ահազանգելու ու միջազգային հանրությանը իրազեկելու, հայկական Սփյուռքին՝ դեպքերին արագ արձագանքելու եւ սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու համար:
Ողջույնի իր խոսքում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը կարեւորեց «Համաձուլման ճամփեքով» համագումարի աշխատանքները՝ նշելով, որ պետք է աշխատել Հայաստանում սիրիահայերի ինտեգրացման, աշխատանքի տեղավորման, բնակարանաշինության եւ այլ խնդիրների ու մարտահրավերների ուղղությամբ: Լեւոն Սարգսյանը, հուրախություն ներկաների, հավելեց, որ Քեսաբում արդեն բարձրացվել է սիրիական դրոշը եւ ազատագրվել են նաեւ քաղաքի ծովափնյա շրջանները:
Ելույթով հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, ով իր գոհունակությունը հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքներից եւ համագործակցությունից: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը հետեւողական է սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող աշխատանքներում, եւ արդյունքները տեսանելի են, իսկ ծրագրերն ու անելիքները՝ շարունակական:




























