Հեռավար ուսուցումն այսօր կարեւորվում է նաեւ Հայաստանում, ինչն արդեն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանը՝ ավելացնելով, որ այժմ շատ համալսարաններ ուղղակի պարտավորված են առաջարկելու հեռավար կրթության դասընթացներ՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների բերած հնարավորությունները։
«Հայկական վիրտուալ համալսարանում նոր տեխնոլոգիաների շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեն գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաեւ՝ օնլայն ուսուցչի եւ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով»,- ասաց Խալափյանը՝ ավելացնելով, որ վիրտուալ համալսարանի վերջնական նպատակը օնլայն կրթական համայնք ստեղծելն եւ այլ հայկական կրթական կենտրոնների հետ համագործակցելն է։
Խալափյանի խոսքով՝ արդեն իսկ Հայկական վիրտուալ համալսարանը հայոց լեզվի, մշակույթի եւ պատմության համակարգչայնացված հեռահար ուսուցման ծրագիր է իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Օհաննեսյանի դպրոցի հետ եւ շուտով սկսելու են համագործակցել նաեւ՝ Արգենտինայում, Փարիզում, Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք այլ դպրոցների հետ։
«Չեմ կարող ասել, որ եթե ինտերնետը Հայաստանում ավելի արագ լիներ, ավելի շատ ուսանողներ կունենայինք, այս ուղղությամբ հարցում չենք իրականացրել»,- ասաց Խալափյանը՝ ավելացնելով, որ իրենց չեն դիմել կոնկրետ ինտերնետային խնդրով։
Տեղեկացնենք, որ 2010թվականի փետրվարի 11-ին Հայաստանի հանրապետության կառավարությունը Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձեւով ուսուցման կարգը հաստատելու մասին որոշում է ընդունել։




























