Իտալացի մասնագետները կաջակցեն Հայաստանում կոոպերացիայի զարգացման գործընթացը միջազգային չափանիշներին համաձայնեցմանը: Այսօր՝ ապրիլի 28-ին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող Իտալիայի Նոլիսեյի եւ Լումսայի համալսարանների կոոպերացիայի իրավունքի պրոֆեսոր, կոոպերացիայի եւ սոցիալական հետազոտությունների եվրոպական ինստիտուտի գլխավոր հետազոտող Անտոնիո Ֆիչիին:

Վերջինս Հայաստան է հրավիրվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակմանն աջակցելու, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անտոնիո Ֆիչին հավաստիացրեց նախարարի պաշտոնակատարին, որ կարվի ամեն ինչ՝ այցելության հնարա¬վորություններն օրենքի նախագծի լրամշակմանն արդյունավետորեն ծառայեցնելու համար:

Կարեւորելով հյուրի աշխատանքը՝ Հայաստանում կոոպերացիայի զարգացման գործընթացը միջազգային չափանիշներին համաձայնեցնելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս հայտնեց, որ այդ ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ իտալացի մասնագետների միջեւ համագործակցությունը շարունակական կլինի եւ հնարավոր սխալներից խուսափելու նպատակով՝ Հայաստանում լավագույնս կօգտագործվի այս բնագավառում առկա  իտալական հարուստ փորձը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին