Հայաստանում ավստրիացիների աջակցությամբ գինու ակադեմիա կհիմնվի: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր՝ ապրիլի 28-ին, ընդունել է Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ռայներ Շտեպանին եւ Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի գլխավոր տնօրեն, միջազգային փորձագետ Սեպուհ Բաղդոյանին:

Պարոն Շտեպանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ համագործակցում է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ եւ ներկայումս նպատակ ունի իրականացնել Հայաստանի գինեգործության զարգացմանը նպաստող ծրագիր, եւ, որ նախատեսում է նաեւ հետագայում Հայաստանում հիմնել գինու ակադեմիա: Որպես առաջին քայլ` նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ճանաչողական այցով Հայաստան ժամանող փորձագետների այցի կազմակերպմանը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվի ծրագրի մշակումն ու իրականացումը:

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը եւս կարեւորել է այդ ծրագրերի իրականացումը եւ նշել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն կերպ կաջակցի այս ծրագիրը կյանքի կոչելու համար, հաշվի առնելով հայկական գինեգործության զարգացման հեռանկարները:

Սերգո Կարապետյանը որպես համագործակցության հեռանկարներ ունեցող ուղղություններ կարեւորել է  կոոպերատիների ձեւավորումը, անասնապահությունը եւ անտառային տնտեսությունը: