Հայաստանի ԱԺ արտահերթ նիստում, որը մեկնարկել է խորհրդարանի 1/3-ի նախաձեռնությամբ, քննարկվում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման մասին որոշման մեջ փոփոխությունների հարցը: Նախագիծը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման մասին գործող որոշման համաձայն, հանձնաժողովի 11 անդամներից 5-ը ՀՀԿ-ից են, 2-ը՝ ԲՀԿ-ից, մեկական՝ մյուս 4 ժմբակցություններից (ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՕԵԿ):
«Փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է ավելացնել ՀՀԿ-ի տեղերը՝ հասցնելով 7-ի, որի արդյունքում հանձնաժողովի անդամների թիվը կհասնի 13-ի»,-ասել է Ավետիսյանը հավելելով, որ իրենք առաջնորդվում են ԱԺ կանոնակարգի 25-րդ հոդվածով:
Այս առաջարկությունը բուռն հակազդեցություն է առաջացրել ԱԺ մյուս խմբակցությունների կողմից: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել , որ երբ խորհրդարանին նախագիծ է ներկայացվում, այն պարտադիր ուղեկցվում է հիմնավորմամբ, որն այս դեպքում՝ չկա: «Ինչո՞վ եք հիմնավորում հանձնաժողովի անդամների թվի փոփոխությունը: Ինչո՞ւ չեք առաջարկում անդամների թիվը հասցնել, օրինակ 17-ի, որն ավելի բարեհունչ է, կամ նույնիսկ 22-ի: Ես պահանջում եմ հիմնավորում ներկայացնել, թե ինչու եք արտահերթ նիստ հրավիրել նման «գլոբալ» հարցով»,-նշել է պատգամավորը:
Իր հերթին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ընդգծել է, որ հանրապետականների թիվը հաշվիչ հանձնաժողովում աճում է երկրաչափական պրոգրեսիայով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ շարունակելով իր կուսակցի միտքը, ասել է, որ ԱԺ կանոնակարգի 24-րդ հոդվածի համաձայն, հաշվիչ հանձնաժողովը ձեւավորվում է նստաշրջանի սկզբում եւ չի կարող փոփոխվել մինչեւ նստաշրջանի ավարտը:
Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նշենք, որ ԱԺ 6 խմբակցություններից 5-ը հրաժարվել են աշխատել հաշվիչ հանձնաժողովում, ինչի արդյունքում հաշվիչ հանձնաժողովում չի ապահովվում քվորում, իսկ առանց այդ հանձնաժողովի հնարավոր չէ իրականացնել ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:



























