Ուկրաինան Ռուսաստանին Ղրիմի միակցման վնասը գնահատում է 950 մլրդ գրիվնա (86 մլրդ դոլար)՝ առանց հաշվի առնելու բաց թողած շահույթը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«Արդարադատության նախարարությունը համակարգել է մեր նախարարություններից եւ գերատեսչություններից ստացված տեղեկությունները վնասների վերաբերյալ, որոնք հարուցել է Ղրիմի զավթումը: Գումարը կազմում է 950 մլրդ գրիվնա»,- ասել է Պետրենկոն Նախարարների կաբինետում ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ այս գումարը չի ներառում «շահույթի բացթողումը», որը լրացուցիչ կհաշվարկեն: «Նրանք հաշվի չեն առել օգտակար հանածոների արժեքը»,- հավելել է նախարարը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Պետրենկոյի խոսքով՝ բռնազավթված տարածքների մասին օրենքը ընդունմամբ ու գործի դրմամբ Ուկրաինան երկրի շահերի պաշտպանության հավելյալ մեխանիզմներ է ստացել «բռնազավթող ուժերի» հետ վեճում, այդ թվում նաեւ օտարերկրացի քաղաքացիներին պատասխանատվության ենթարկում «ռազմական հանցագործությունների եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների համար»՝ այդ թվում նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներին: «Բացի այդ, հաստատվում են ձերբակալությունների եւ ունեցվածքի բռնագանձման գործընթացի միջոցով կորուստների փոխհատուցման մեխանիզմներ»,- հավելել է Պետրենկոն:



























