Հայկական վիրտուալ կրթությունը օգնում է հայապահպանությանը, եւ հնարավոր է ստանալ հայկական կրթություն ամենուր եւ ամենժամ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայկական վիրտուալ համալսարանի կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանը՝ ավելացնելով, որ այժմ Հայկական վիրտուալ համալսարանի շնորհիվ ամբողջ աշխարհում սփռված հայերից շատերը հնարավորություն են ունենում ստանալ հայկական կրթություն։

«Շատ երկրներում հայերը չունեն հայկական դպրոց, իսկ տեղի դպրոցներում հայկական կրթություն ստանալու հնարավորություն պարզապես չկա, իսկ այս կերպ նրանք հնարավորություն են ստանում հայկական կրթություն ստանալ»,- ասաց Խալափյանը՝ ավելացնելով, որ Հայկական վիրտուալ համալսարանում երեք ֆակուլտետ է գործում՝ լեզվի, մշակույթի եւ պատմության, եւ համակարգչայնացված հեռավար ուսուցման դասընթացներ են իրականացվում։

Հայկական վիրտուալ համալսարանի կրթական մասի տնօրենի խոսքով՝ մինչ այսօր համալսարանում սովորել են 16-82 տարեկան 500-ից ավել ուսանողներ՝ շուրջ 30 երկրներից։ Առաջատար երկրների թվում է Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, իսկ Հայաստանը գտնվում է վերջին տեղում՝ ընդհանուր ուսանողների թվի ընդամենը 4 տոկոսով։

Նշենք, որ Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծվել է 2009 թվականին, եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերից մեկն է։ Այստեղ ուսուցումը իրականացվում է 6 լեզվով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: