Ապրիլի 24-27-ը Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում» սրահում կայացավ նկարների «Art Monaco» հեղինակավոր միջազգային ցուցահանդեսը, որին ավելի քան տասնյակ երկրների շարքում իր յուրահատուկ տաղավարով մասնակցում էր նաեւ Հայաստանը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս ցուցահանդեսն անցկացվել է բարձր մակարդակով, եւ այս կարեւոր միջոցառմանը տարբեր երկրներից մասնակցել են բարձրաստիճան պետական, քաղաքական եւ հասարակական բազմաթիվ գործիչներ, հանրաճանաչ արվետագետներ եւ այլք:

Միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը այս տարի ապահովել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Որպես միջոցառման հայկական կողմի աշխատանքների կազմակերպման պատասխանատու՝ Մոնակոյում էր գտնվում նաեւ Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը:  «Երեւանի բարձր արվեստ» պատկերասրահի հարուստ հավաքածուով Մոնակո էր այցելել նաեւ միջոցառման համակազմակերպիչ, պատկերասրահի հիմնադիր-սեփականատեր Սարգիս Գրիգորյանը:

Այս տարի «Art Monaco» ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ապրիլի 24-ին եւ համընկավ  Հայոց ցեղասպանության տարելիցի հետ, այդ իսկ պատճառով հայկական տաղավարում հիմնականում ցուցադրվել էին հայազգի հանրահայտ նկարիչների՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարներ: Ցուցահանդեսում ներկայացվեցին գործեր Մ. Սարյանի, Հ. Այվազովսկու, Ժանսեմի, Արշիլ Գորկու, Լ. Թութունջյանի եւ այլ հայտնի նկարիչների հավաքածուներից: Այս միջոցառման շրջանակներում, բացի վերոնշյալ նկարիչների գործերից, Հայաստանի բազմաթիվ  պատկերասրահներից եւ թանգարաններից Մոնակո էին տարվել հայազգի արվեստագետների աշխատանքները:

Հայկական տաղավարը մշտապես բազմամարդ էր: Հայազգի աշխարհահռչակ  նկարիչների գլուխգործոցները դիտելու էին եկել ոչ միայն օտարերկրյա պատվիրակություններ եւ տեղի բարձրաստիճան հյուրեր, այլեւ հայ համայնքի ներկայացուցչական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մոնակոյից եւ այլն: Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ ավելի քան 50 անվանի ֆրանսահայեր, որոնց թվում՝ Մարսելի 13-րդ եւ 14-րդ թաղամասերի խորհրդի անգամ Կարո Հովսեփյանը, «Արարատ TV»-ի ղեկավար Ռիչարդ Ֆինդիկայնը,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի Մարսել եւ Պրովանս մասնաճյուղի ղեկավար Ժակ Տոնապետյանը, «Մարսել-Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ֆրանկ Օհաննեսյանը, Ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի անդամներ Ժակ Ավդոյանը եւ Ռոլանդ Վարդանյանը, դիզայներ-ոճաբան Նաիրա Սարգսյանը եւ այլք հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու միջոցառմանը եւ ծանոթանալ հայկական տաղավարում ներկայացված գործերին:

Միջոցառման շրջանակներում «Երեւանի բարձր արվեստ» պատկերասրահի հիմնադիր Ս. Գրիգորյանը Դ. Պարակյանին է փոխանցել ցուցադրված նկարներից մեկը՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին փոխանցելու նպատակով:

Այս տարի «Art Monaco» նկարների միջազգային ցուցահանդեսում Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը, իսկ  «Art Monaco»-ի լոգոն զարդարել էր հայազգի  գեղանկարիչ-քանդակագործ Լ. Թութունջյանի  հեղինակավոր քանդակներից մեկի պատկերը: