Դաշնության խորհրդում առաջարկել են Ռուսաստանում ստեղծել սեփական համացանց ու անվանել այն «Չեբուրաշկա»: Գաղափարը պատկանում է սենատոր Մաքսիմ Քավջարաձեին:
«Պետք է մտածել ԱՄՆ-ի անկախ, սեփական ներռուսական տեղեկատվական համակարգի ստեղծման շուրջ, այլապես տեղեկատվության արտահոսքը շարունակվելու է»- հայտարարել է նաեւ բլոգերների կարգավիճակի մասին օրենքի քննարկման ժամանակ:
Քավջարաձեի կարծիքով՝ Ռուսաստանի կարող էր նման ցանց ստեղծել ՀԱՊԿ անդամ երկրների կամ Ասիական- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ: «Մեր վարչապետը եւ Facebook-ում, եւ Twitter-ում իր էջերն ունի, շատերն են սոցիալական ցանցերում պատմում իրենց գործողությունների մասին: Իսկ ինչ-որ մեկը սերվերներում կուտակում է տեղեկությունները»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է սենատորի խոսքերը:
Նա ընդգծել է, որ ցանցի ստեղծումը «մի ողջ երկրի տեղեկատվական անվտանգության հարց է»: Նա համարում է, որ նման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ միջոցները հնարավոր է գտնել շրջանային բյուջեներում:
«Թե ինչպես կանվանենք տեղեկատվական համակարգը, կարեւոր չէ «Կոկորդիլոս Գենա» կամ «Չեբուրաշկա», վերջինը նույնիսկ գերադասելի է»,- հայտարարել է Մաքսիմ Քավջարաձեն:




























