Ազգային ժողովի նախագահի ընտրությունն այսօր չի կայանալու. ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո պատգամավորները հեռացել են:
Ամբոջ խնդիրն այն է, որ ԱԺ նախագահի ընտրությունն ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովն աշխատի, սակայն ԱԺ 6 խմբակցություններից 5-ը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ) հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որի հետեւանքով 11 հոգանոց հանձնաժողովում քվորում չի ապահովվում:
ՀՀԿ խմբակցությունը ստեղծված իրավիճակում որոշել է ժամը 18,30-ին արտահերթ նիստ հրավիրել մեկ օրակարգով՝ փոփոխություններ մտցնել Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգում: Ըստ այդ փոփոխության, ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ անդամների թիվը 5-ից դարձել է 7: Այդ դեպքում արդեն 13 հոգանոց հանձնաժողովում 7 անդամների առկայությունն ապահովում է քվորում եւ հանձնաժողովը կարող է գործել:
ՀՀԿ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր եւ որոշումն անցել է : Մյուս խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Իսկ արտահերթ նիստից հետո պատգամավորները հեռացել են ԱԺ շենքից: ԱԺ արդեն հերթական նիստը տեղի կունենա վաղը, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի ԱԺ նախագահի քվեարկությունը:
Նշենք, որ թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից գալուստ Սահակյանը եւ ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը:




























