Քաթարական արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Եգիպտոսից 150 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում՝ իր բիզնեսին հասցված վնասի համար:

Եթե «Ալ ջազիրայի» պահանջը չկատարվի 6-ամսյա ժամկետում, հեռուստաալիքը մտադիր է դիմել դատարան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Carter-Ruck լոնդոնյան իրավաբանական ֆիրմայի ներկայացուցիչ Քեմերոն Դուուլիին, որի ծառայություններից օգտվում է «Ալ Ջազիրան»:

Դոուլիի խոսքով՝ «Ալ Ջազիրան» մեղադրում է Եգիպտոսին այդ երկրում նախորդ տարվա հունիսին իշխանությունից իլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին հեռացնելու հետո անընդհատ հեռուստաալիքի եւ նրա լրագրողների նկատմամբ ճնշում բանեցնելու մեջ:

«Ալ Ջազիրան» զգալի գումարներ է ներդրել Եգիպտոսում: Իսկ այդ արշավի հետեւանքով ներդրումները բռնագրավվել են: Միջազգային օրենսդրության համաձայն՝ Եգիպտոսը պարտավոր է «Ալ Ջազիրային» արդար փոխհատուցում վճարել»-ասել է նա՝ չհստակեցնելով, թե որքան է կազմում այդ «արդար փոխհատուցումը»:

Նշենք, որ Քաթարը ֆինանսավորում է «ալ Ջազիրային», որն ակտիվորեն աջակցում է եգիպտական «Մահմեդական եղբայրներին»: Ներկայումս «Ալ Ջազիրայի» երեք լրագրողները դատապարտվել են Եգիպտոսում՝ «ահաբեկչական կազմակերպությանն» («Մահմեդական եղբայրներին») աջակցելու մեղադրանքով: