Պետք չի շտապել, ավելի լավ է սպասենք վաղվան: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նա հիշեցրել է, որ ապրիլի 29-ին, Մինսկում տեղի կունենա ԵվրԱզԷս-ի Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների մակարդակով:
«Հայտարարություն կամ հետեւություններ կարելի կլինի անել այդ հանդիպման արդյունքներով»,-ասել է Սոկոլովը:
Այդուհանդերձ, ըստ նրա, միջոցառումների մեծ մասը, որոնք նախատեսված են Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզով, արդեն իրականացվել են: «Մեր գործընկերները շատ արագ, պրոֆեսիոնալ եւ որակով են աշխատում»,-հավելել է Սոկոլովը:
Հարցին՝ ինչպես է լուծվելու Մաքսային միությունում մաքսատուրքերի գանձման հարցը, որի մասին հարց է բարձրացրել Հայաստանը, Սոկոլովը պատասխանել է, որ ՄՄ-ի երկրները ըմբռնումով են մոտենում հայկական կողմի խնդրանքին, հանձնաժողովները շարունակում են աշխատանքը եւ ամբողջությամբ հարցը կկարգավորվի 2015-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանն ամենայն հավանականությամբ չի անդամակցի ՄՄ-ին, այլ միանգամից կանդամակցի Միասնական տնտեսական տարածքին եւ կստորագրի համապատասխան փաստաթղթերը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին:


























