Նիգերիայի Բորնո նահանգի դպրոցներից մեկից երկու շաբաթ առաջ առեւանգված աշակերտուհիներից մի քանիսին Կամերուն են ուղարկել եւ ստիպողաբար ամուսնացրել: Այս մասին հայտնել է Չիբոկ քաղաքի ավագանու անդամներից մեկը. սա այն քաղաքն է, որտեղ եւ տեղի էր ունեցել առեւանգումը:

Պոգո Բիտրուսի խոսքով, դպրոցի սանուհիներից մի քանիսին Չադ լճի վրայով Կամերունի տարածք են տեղափոխել եւ վաճառել` յուրաքանչյուրի դիմաց 15 հազար ԱՄՆ դոլար պահանջելով:

Մինչ այդ նիգերիական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել ի աջակցություն երիտասարդ աղջիկների «Մեկ միլիոն կանանց երթի» նախապատրաստման վերաբերյալ: Ցույցի մասնակիցների ցանկանում են երկրի իշխանություններին հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչ անել, BBC-ին վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտը:

Հիշեցնենք` ապրիլի կեսերին արմատական իսլամական «Բոկո Հարամ» կազմակերպության գրոհայինները Նիգերիայի հյուսիսում գտնվող դպրոցների մեկի վրա հարձակում էին գործել եւ հարյուրից ավելի դպրոցական աղջիկների առեւանգել: Նիգերիայի բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Քրիս Օլուկոլադեն հաղորդել էր, որ զինծառայողներին հաջողվել է աշակերտուհիների մի մասին ազատ արձակել: Նա նշել էր, որ անհայտ է մնում 129 առեւանգվածներից ընդամենը ութի ճակատագիրը: Գրոհի զոհ դարձած դպրոցի տնօրենը չէր հաստատել այդ տեղեկությունը: Ավելին` նա ասել էր, որ բանակայինների հայտարարությունը «ճիշտ» չէ, եւ որ աշակերտուհիների որոնումները շարունակվում են: