ԵՄ կենտրոնը մեկնարկում է Եվրոպական միության թեմայով երկրորդ առցանց վիկտորինան: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուք, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, երկրորդ վիկտորինան հետեւում է առաջինի օրինակին: «Կարծում ենք, որ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ինտերակտիվ տարբերակով վստահելի գիտելիքի տարածումը առաջ շարժվելու ճիշտ ուղին է», նշեց դեսպանը:
Վիկտորինան կազմված է 15 հարցերից` պատասխանի մի քանի տարբերակներով, որոնց դիմաց հեշտորեն կարելի է նշում կատարել: Ողջ հարցաշարը կզբաղեցնի 10-15 րոպե գիտակ մարդու դեպքում եւ քիչ ավելին այն անձանց համար, ովքեր անհրաժեշտություն կունենան սեղմել հղումները` ավելին իմանալու նպատակով: Վիկտորինային կարող են մասնակցել միայն Հայաստանի բնակիչները, եւ այն առցանց հասանելի կլինի մինչեւ 2014թ.-ի հուլիսի 1-ը: Հիմնական բոլոր մրցանակները վիճակահանությամբ կորոշվեն այն անձանցից, ովքեր ճիշտ կպատասխանեն բոլոր 15 հարցերին:
Ի հավելումն հիմնական մրցանակների` կտրամադրվի նաեւ ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ եւ կկազմակերպվի մեկօրյա միջոցառում` ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն վիկտորինային ու բոլոր հարցերին կտան ճիշտ պատասխաններ: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարեւոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:
Առաջին առցանց վիկտորինային մասնակցել էին 1570 անգամ, որից 393 մարդ տվել էր ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել էին 1205 անգամ, որից 264 մարդ ճիշտ էին պատասխանել բոլոր հարցերին: Վիկտորինայի անգլերեն տարբերակին մասնակցել էին 365 անգամ` 129-ի դեպքում բոլոր պատասխանները ճիշտ էին:
Մասնակցեք վիկտորինային` հետեւելով այս հղմանը.
Անգլերեն` http://eucentre.am/eu-in-armenia-quiz-2014/
Հայերեն` http://eucentre.am/hy/եմ-ը-հայաստանում-վիկտորինա-2014/
Մինչեւ վիկտորինային մասնակցելը ծանոթացեք ընդհանուր դրույթներին եւ պայմաններին:




























