ԳԴՀ-ի նախկին կանցլեր Շրյոդերը ծննդյան տարեդարձը նշել է Պուտինի հետ, հայտնում են լրատվամիջոցները: Հոբելյանի առթիվ՝ Nord Stream AG ընկերությունը Պետերբուրգում ընդունելություն էր կազմակերպել: 

Ուկրաինայի ճգնաժամի թեժ պահին Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը տոնել է իր 70-ամյակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: n-tv հեռուստաալիքի կայքը, վկայակոչելով տեղի լրատվամիջոցները,  հայտնում է, որ  Պուտինի շքախումբը նկատվել էր Սանկտ Պետերբուրգի Յուսուպովների պալատի մոտ: Ապրիլի 7-ին լրացել էր Շրյոդերի 70-ամյակը, նա Պուտինի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է: 

Ըստ հեռուստաալիքի՝ հոբելյանը նշվել է Պետերբուրգում՝ Nord Stream AG ընկերության կազմակերպած ընդունելությամբ, որտեղ ԳԴՀ-ի նախկին կանցլերը զբաղեցնում է բաժնետերերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:  Ավելի վաղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բեռլինում ընդունելություն էր կազմակերպել՝ Շրյոդերի ծննդյան օրվա առթիվ: Տոնական միջոցառում էր տեղի ունեցել նաեւ Հանովերում՝ նախկին կանցլերի հարազատ քաղաքում, փոխանցում է  Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: