Իսրայելի իշխանությունները պաղեստինցիների հետ բանակցությունների ընթացքում հավանություն են տվել Հորդանան գետի Արեւմտյան ափին 14 հազար տան շինարարությանը, հայտնում է Peace Now-ը:

Ակտիվիստները նշում են, որ բանակցությունների ինն ամիսների ընթացքում պաղեստինյան տարածքներում բնակարանաշինության տեմպերը ռեկորդային բարձր մակարդակի են հասել:

Հրեաների կողմից շինարարական աշխատանքների աշխուժացումը զայրացնում է պաղեստինցիներին եւ խոչընդոտում խաղաղ բանակցությունների առանց այն էլ լարված գործընթացին, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով  BBC-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Իսրայելը ձեռնամուխ էր եղել պաղեստինցիների դեմ տնտեսական պատժամիջոցների իրագործմանը: Այդ քայլի մասին հայտնի էր դարձել խաղաղ կարգավորման վերաբերյալ պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունների պաշտոնական ավարտի օրը՝ ապրիլի 29-ին:

Պատժամիջոցներ սահմանելու պատճառներից մեկը ՖԱԹՀ-ի, ՀԱՄԱՍ-ի եւ այլ կազմակերպությունների միջեւ ազգային միասնության կառավարություն ձեւավորելու  եւ Պաղեստինում  համընդհանուր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունն էր:  «ՀԱՄԱՍ» շարժումը մերժում է Իսրայելի գոյության իրավունքը: Սահմանվել են հարկային պատժամիջոցներ, չեղյալ հայտարարվել Արեւմտյան ափին պաղեստինցիների համար բնակարանների շինարարությունը, ինչպես նաեւ վիզային սահմանափակումներ՝ Պաղեստինի պաշտոնական անձանց նկատմամբ:

Ապրիլի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը բանակցություններ չի վարի Պաղեստինի կառավարության հետ, որի կազմում ընդգրկվելու են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները: